Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա

Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտ

Ս.Հ. Դևեջյան, «ԼՈՌԻ - ԲԵՐԴ» 1, 1969 - 1973 թթ. պեղումների արդյունքները

Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան 1981

էջ 53-55, նկ. 17, Վաղ երկաթի ժամանակաշրջանի հուշարձաններ, Հախճապակե տուփիկ (դամբարան 11)(porcelain box), մ.թ.ա. 9-8-րդ դդ.

Խեցեղեն: Վաղ երկաթի շրջանի Լոռի-բերդի դամբարանները հարուստ են խեցեղեն ամանների տարբեր տեսակներով: Նրանց մեջ հատուկ ուշադրություն է արժանի յուրօրինակ սպիտակ հախճապակե զարդարուն տուփիկը, պատրաստված լավ մշակված կաթնասպիտակ բարակ կավից, որը տեղական լինելով հանդերձ, ասորեստանյան ազդեցություն է կրում: Այն ունի ուղղանկյուն ձև, սրածայր ոտքեր և երկու փոքր բռնակներ կլոր ուղղահայաց անցքերով: Ակնհայտ է, որ զարդատփի կափարիչը նույնպես երկու կողմից ունեցել է ականջներ նմանատիպ անցքերով, և փակ ժամանակ անցքերը համընկել են:

Զարդատփի չափերը՝ 6x5 սմ, բարձրությունը ոտքերի հետ միասին` 8.3 սմ: Դրսից այն լավ փայլեցված է, ներսից համեմատաբար ավելի վատ: Զարդատուփը նախշանկարված է և ծածկված գլազուռով: Չորս կողերի վրա վառ-դեղին ներկով պատկերված են կենդանիներ, եռանկյուններ, անկյուններ: Գլազուռը ժամանակի ընթացքում խամրել է, պահպանվել է միայն գույնը, այն էլ տեղ-տեղ հազիվ է նկատելի: Երկու երկար հարթությունների վրա, բռնակների երկու կողմերից, պատկերված են մեջքով մեկը մյուսի նկատմամբ վազող կենդանիների զույգերի ուղղահայաց պատկերներ, ամենայն հավանակությամբ՝ շների (Պալեօզոոլոգ Ս.Մ.Մեջլումյանի կարծիքով սրանք արագավազ և թեթև, քերծե որսորդական շներ են, canis domestica), վեր բարձրացված գլուխներով, բաց երախներով, կախված ականջներով, կարճ պոչերով: Կենդանիների ներքևում՝ անկյունաձև ժապավեններ: Երկար կողերից մեկի վրա, բռնակի տակ, երկու կենդանիների միջև կա երկարավուն թռչնաձև պատկեր, թեք թևերով: Նեղ կողերի վրա՝ նույն կենդանիները, բայց արդեն հորիզոնական դիրքով, նրանց տակ անկյունաձև ժապավեններ և եռանկյուններ: Կենդանիների ընդհանուր քանակը ութն է, ինչպես նաև անկյուններինը և եռանկյուններինը:

Նմանօրինակ հախճապակե զարդատփեր Անդրկովկասի վաղ շրջանի հուշարձաններում հազվադեպ են պատահում, այնուամենայնիվ, հայտնի են դրանց մի քանի օրինակներ: Դրանք բոլորը պատված են գլազուռով և ունեն դեղին, բաց-կապուտ և կանաչավուն նախշազարդումներ: Նման իրեր հայտնաբերվել են Խոջալիի դամբարաններում և Կասպից ծովի հարավարևմտյան մասերից (Կալուրազ մ.թ.ա. 7-րդ դար).

Էջ 64-65, նկ. 23(a,b), երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի հուշարձաններ, ոսկե ճակատազարդ (golde diadem(tomb N 2,4)) (դամբարան 2, 4)

. երկրորդ և չորրորդ դամբարաններում գտնվել են ոսկե ճակատազարդեր: Առաջինը կատարված է ավելի վարպետորեն, բայց զարդանախշերն այնքան նմանօրինակ են, որ նրանց կարելի է հաշվել որպես մի վարպետի ձեռքի գործ: Առաջին ճակատազարդը պատրաստված է պղնձի, ոսկու և արծաթի համաձուլվածքից: Ոսկու պարունակությունը՝ 25-32%, երկարությունը՝ 27.5 սմ, քաշը՝ 18 գրամ.

. ճակատազարդը պատված է յոթ գիշատիչ ֆանտաստիկ կենդանիների պատկերներով, իրականացված է հակառակ կողմից ճնշման մեթոդով: Նրանք ունեն երկար վզեր, իրանի վրա ծածանվող մտրականման պոչ, երախները բացված են, վերջույթները՝ փափուկ թաթերով: Ձախից երեք կենդանիներն ունեն ականջներ.

էջ 71-72, նկ. 30, երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի հուշարձաններ, պաշտամունքային սափոր (ritual vessel) (դամբարան 2)

. սափորի երկու կողմից կան երեքական կենդանիների քանդակներ: Մի կողմի վրա նրանք բաշխված են սիմետրիկ, իսկ մյուս կողմի վրա՝ ասիմետրիկ ձևով: Սիմետրիկ դասավորված կողմի կենտրոնի կենդանին պատկերված է ուղղահայաց, գլխով դեպի վերև, վառ արտահայտված ականջներով, ծնոտով և պոչով: Իրանի վրա, խաչվող խոր գծիկներով պատկերված է կենդանու բուրդը, ակնահայտորեն՝ շան: Նրանից վերև, հորիզանական դիրքով կանգնած են երկու, իրարանման սրամռութ կենդանիներ, առանց ականջների: Աչքերի տեղում երկու խորը, մինչև մռութը հասնող ճեղքեր: Նրանք ավելի երևակայականացված են և ընդհանուր առմամբ հիշեցնում են կրծողների:

Տարածական քանդակիկները, տեղադրված խեցեղեն իրերի վրա, հատուկ են ավելի վաղ ժամանակաշրջանի: Այս սափորը իրանի ձևով, բռնակի, քթի և կատարման տեխնիկայով պատկանում է VII-VI դդ. մ.թ.ա., բայց կենդանիների քանդակները թույլ են տալիս ենթադրել, որ երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի բրուտները հետևել են ավելի հին պաշտամունքային ավանդույթներին: Ամենայն հավանականությամբ, թաղման արարողության կամ զոհաբերության ժամանակ այս սափորից ցայտեցվել է սուրբ հեղուկ: Սափորի վրայի շան պատկերը շատ նման է վորնակյան դամբարանում գտնված սափորի վրա պատկերվածին, նաև Սանահինյան անոթի վրայի կենդանուն (մ.թ.ա. առաջին հազարամյակի սկիզբ): Կրծողներ հիշեցնող կենդանիները նման են բրոնզի ժամանակաշրջանի ամանների բռնակներին, հայտնաբերված Թբիլիսիում: Փոքրիկ ելուստները բռնակների վրա, խոր ակոսները պատված աստիճանավոր և այլ երկրաչափական նախշերով, բնութագրական են երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի խեցեղենին (VII-VI դդ. մ.թ.ա.): Սափորի նախշերը պատահական չեն, աստեղ պատկերված են արևի ճառագայթների խուրձեր, կենաց ծառը, հոսող ջուր, ժայռեր պատկերող կայծակ և եռանկյուններ.