ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌԻ ԾԱԳՈՒՄԸ - ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Ժայռարվեստի կարևոր օջախներ Սյունիքի3 ՈՒղտասար և Ջերմաջուր հնավայրերը գտնվում են Սիսիանի շրջանում, ծովի մակերևույթից շուրջ 3300 մետր բարձրության վրա: Տեղանքը շրջափակված է լեռներով և բլուրներով և 9 ամիս շարունակ ծածկված է լինում ձյունով: Ծովի մակերևույթից 2900-3300 մետր բարձրության վրա փռված են ալպիական գորգերը: Լեռանցամեջ տարածության ձորակներում, քարակարկառների մոտ, լճակների բոլորքը, երևում են հնագույն կացարանների, կիսավեր պատերի հետքեր, արհեստական քարակույտեր և դամբարաններ:

Հեռավոր անցյալում անասնապահ ցեղերի կողմից յուրացված այս վայրերի, ամառային արոտատեղիներ լինելու պերճախոս վկայություններ են հնագույն կացարաններն ու դամբարանները, ինչպես նաև քարաբեկորների վրա փորված պատկերները: Նախնադարյան նկարիչները պղնձագույն և սև ժայռաբեկորները բնական հարմար կտավ են ծառայել պատկերներ դրոշմելու համար:

Սյունիքի ժայռարվեստի հնագույն՝ առաջին մ.թ.ա. V- IV հազարամյակների ստեղծագործություններ են եղջերուների և գիշատիչների մեծադիր պատկերներն, որոնք դրոշմված են զանգվածեղ ժայռաբեկորների վրա:

Երկրորդ խումբը ներկայացնում են մ.թ.ա. III-II հազարամյակների կենցաղային և այլ տեսարաններով, առավելապես բազմաֆիգուր ժայռապատկերներ:

Սյունիքի ժայռարվեստի հուշարձաններում պատկերված է Հայաստանի ֆաունայի ողջ հարստությունը. այծի, մուֆլոնի, վիթի, եղջերուի, տուրի, ձիու, վարազի, շան, գայլի, շնագայլի, հովազի, առջի, առյուծի պատկերները: Նախնադարյան նկարիչը պատկերել է կենդանու շարժումները, բնավորությունը որսալու և արտահայտելու մեծ կարողություն: կենդանիները, հառկապես գիշատիչները, գծված են դիպուկ, սակայն սեղմ, առանց մանրամասնությունների, սոսկ էականի, բնորոշի շեշտումով: Հաճախ հանդիպում են որսի տեսարանները: Որսորդները զինված են և նրանց հաճախ ուղեկցում են որսկան շներ: Ժայռապատկերներում վերարտադրված են ինչպես շուրջկալ, կենդանուն քշելու, հետապնդելու և այլ եղանակներ,ինչպես նաև անհատական որսի տեսարաններ: Նկարիչը կարողացել է տալ կեհդանիների տեսակային առանձնահատկությունները, բնորոշել կենդանատեսակը (շուն, հովազ, առյուծ և այլն):

Հայկական լեռնաշխարհի երկրագործ և անասնապահ ցեղերի կյանքում որոշակի դեր է ունեցել որսորդությունը: Որսի խոսուն տեսարան է Ջերմաջրի այն ժայռանկարը, որտեղ արտակարգ շատ են հովազների, որսկան շների պատկերները:

Անհատական որսի պահը պատկերող հետաքրքիր պատկերներ են ՈՒղտասարում և Ջերմաջրում պահպանվածները: Ժայռակտավներից մեկում քանդակված են շուն, այծ, օղապարան և որսորդը:

Ոլորաձև նետած պարան և շուն է պատկերված Ջերմաջուր հնավայրում: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մանր եղջերավորների հոտ պատկերող ՈՒղտասարի մեկ այլ ժայռակտավը, որտեղ վերարտադրված է այծերի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումից պաշտպանող հոտապահ շունը: ժայռարվեստի հուշարձաններում որսի թեմայով բազմաքանակ կոմպոզիցիանների գոյությունը հաստատում է այն հետևությունը, թե կիսաքոչվորական անասնապահություն ծագման հետ կապված՝ վերստին ուժեղանում է որսի նշանակությունը: Բրոնզե գոտիների, խեցեղենի վրա պատկերված որսի տեսարաններում մարդուն ուղեեկցող շան պատկերումը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում շունը երկակի դեր է կատարել, եղել է և՛ հոտապահ. և՛ որսի ժամանակ իբրև մարդու գործակից: Ուղտասարի քարերի վրա հոտի կողքին շան պատկերումը, ինչպես նաև հոտը գազանների հարձակումից պաշտպանող, գիշատիչներին դիմագրավող շան առկայությունը անվերապահորեն հաստատում են այդ հետևության ճշմարտացիությունը և հայկական գամփռի՝ որպես հոտապահ շուն ձևավորվելու հնությունը:

Արտադրողական ուժերի զարգացման հետ կապված մանր եղջերավորների գլխաքանակի ավելացումով փոխվում է անասնապահության սիստեմը: Բնակատեղիներին մոտ արոտատեղերն այլևս չէին կարող բավարարել կերի պահանջը, մնում էր անասուններին քշել բնակատեղիից հեռու արոտավայրեր: Սակայն այդ արոտատեղիները հիմնական չէին, այդ գոտում հիմնական բնակատեղիներ չէին կարող գոյություն ունենալ, այդ պատճառով անասնապահությունը ընդունում է կիսաքոչվորական ձև. անասունները լեռներն էին քշվում միայն ամռանը4: Ուղտասարի շուրջ 3300 մետր բարձրության վրա պահպանված կիկլոպյան ամրոցը, կացարանները, ծառայել են իբրև ալս վայրերում առժամանակ հաստատված անասնապահ ցեղերի ժամանակավոր արոտավայրային բնակարաններ և հոտերը հարձակումներից պաշտպանելու միջոց:

Ժայռապատկերներն ուսումնասիրողները միշտ դեմ են ընկել մի դժվարին հարցի, դա ժայռարվեստի ստեղծագործությունների հասակի խնդիրն է: Պատկերների ժամանակը որոշելիս կարևոր են կատարման եղանակն ու ոճը, թեմատիկան: Այդ առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սևանի ավազանում, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում գտնված գունազարդ անոթը5:

Մ.թ.ա. III հազարամյակի վերջերին II հազարամյակի սկզբին վերագրվող անոթի կարմիր ֆոնի վրա սև ներկով պատկերված է որսի չափազանց հետաքրքիր տեսարան (նկ. 1): Անոթի պարանոցից ներքև , շարքով իրար հաջորդող վեց կարապների պատկերներն են: Առավել հետաքրքրական է անոթը բոլորող երկրորդ գոտին. վերարտադրված են շների, վիթի, էգ ու արու այծերի, եղջերուի պատկերներ, որոնք կատարյալ նման են Ուղտասարի քարերին փորված կենդանիների պատկերներին: Ժայռակտավներում հանդիպող պատկերների համադրումը Հայաստանի, Անդրկովկասի, Առաջավոր Ասիայի հյութական մշակույթի հուշարձանների հետ հիմք է տալիս Սյունիքի ժայռարվեստի հուշարձանները համարելու մ.թ.ա. V-II հազարամյակնների ստեղծագործություններ:

Սյունիքից բացի ժայռապատկերներ են հայտնաբերված Սևանա լճի ավազանը եզերող մյուս լեռների՝ Գեղամա, Վարդենիսի, Ջերմուկի լեռնագագաթներին ու լանջերին: Սրանց մեջ պատկերների առատությամբ, ժամանակագրական լայն ընդգրկումով, պատմական նշանակությամբ, արվեստի ոճերի բազմազանությամբ առանձնապես աչքի են ընկնում Գեղամա լեռների ժայռապատկերները:

Գեղամա լեռների ժայռապատկերները մանրակրկիտ ուսումնասիրված են և նրանց ժամանակագրությունը ավելի որոշակի է:

Գեղամա լեռները իբրև բարձրաբերձ լեռնապատնեշ եզերում են Սևանի ավազանը արևմտյան կողմից և բոլորում Փոքր Կովկասյան լեռների օղակն այդ մասում: Սրանց երկրաբանական կառուցվածքի մեջ ընդգրկված են չորրորդական շրջանի նստվածքներ, միջին և չորրորդական անդեզիտա- բազալտների լավային ծածկույթներ, որոնք նախնադարյան նկարիչների համար դարձել են հարմարավետ «կտավներ» դարձել:

Սառցածածկույթի անհետացումից հետո, Գեղամա լեռնալանջերը ծածկվեցին ալպյան հարուստ մարգագետիններով, հաստաբուն ծառերի զանգվածներով, հրաբխային կոների խառնարանների մեջ առաջ եկան բազմաթիվ փոքրիկ լճակներ, սկիզբ առան տասնյակ գետեր ու աղբյուրներ և դրանց շնորհիվ պահպանվեցին հնուց եկող շատ կենդանիներ, աճեցին, զարգացան նորերը, լեռնային լճակները լցվեցին ջրային թռչունների երամներով: Սրանց հետապնդելով դեպի Գեղամա լեռնագագաթներն ու աղբյուրները, անտառներն ու արոտավայրերը դիմեց և նախնադարյան որսորդն ու երկրագործը: Բնակլիմայական բարենպաստ պայմանների՝ զով ջրերի ու օդի, բարեբեր հողի, առատ բուսականության շնորհիվ բնության իրենց խորհրդավոր գեղեցկությամբ իրենց խորհրդավոր գեղեցկությամբ անկրկնելի այս վայրերը դարձան էնեոլիթ-բրոնզեդարյան փուլերի տնտեսության կարևորագույն բազաներ ու նախնադարյան մշակույթի աչքի ընկնող միկրոշրջաններ:

Ժայռապատկերների այժմ հայտնի հիմնական խմբերը տարածվում են Գեղամա շղթայի լեռնագագաթների մոտ, 120-130 քառ. կմ ընդհանուր տարածության և 2000-3000 մետր բարձրության վրա, ներգծվելով սպիտակասար, Զիարաթ, Նազալ-թափտ հրաբխային բուրգերի և Թոխմախան գյոլ արհեստական լճի շրջանակների մեջ:

Ժայռապատկերների վերոհիշյալ խմբերը տեղադրված են բնական գոգավորությունների մեջ, քամուց պաշտպանված ու աղբյուրների մոտ գտնվող հրաբխային քարակարկառների վրա:

Տարբեր ժամանակներում ու նպատակներով կատարված երեք-չորս հազար պատկեների օգնությամբ, որոնք, չնայած կատարման պայմանական ձևերին, աչքի են ընկնում բնորդի բնորոշ առանձնահատկությունների ճշգրիտ, բայց ընդհանրացված արտահայտման, դինամիկ էության արտաբերման, սուր դտողականության, փորձված աչքի ու ձեռքի ներգործուն նրբություններով: Ժայռապատկերները գաղափար են տալիս ոչ միայն տեղական համայնքների գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանների՝ կենդանական աշխարհի հարստության, բազմազանության մասին, այլև ժամանակի տնտեսական զբաղմունքների՝ որսորդության, անասունների վայրի տեսակների ընտելացման ու բուծման պայմանների, մասին: Ժայռապատկերներում զգալի տեղ են բռնում որսորդական ու անասնապահական ծեսերն ու արարողությունները, որոնցից անբաժան է հայկական հռչակավոր շունը՝ գամփռը::

Գեղամա լեռների պատկերներ մեջ աչքի են զարնում վայրի կենդանիների ամենատարբեր տեսակների, նրանց մեծ ու փոքր խմբերի ահռելի քանակն ու բազմազանությունը: Հստակորեն նշմարվում են ինչպես չորրորդական ժամանակներից պահպանված, այժմ Հայստանում գոյություն չունեցող, այնպես էլ մեր օրերին բնորոշ կենդանիների պատկերներ: Դրանք են՝ զուբրը, վայրի ցուլը (կամ կովը), կովկասյան ազնիվ եղջերուն, առյուծը հեպարդը, իշայծամը, կխտարները, ընտելացված ու վայրի ձիերը (շատ ուշ), աղվեսն ու գայլը, շների շատ տարատեսակներ, վարազը, լուսանը, ընձառյուծը, նապաստակն ու մանր կենդանիների վատ որոշվող մի քանի տեսակները, սողունների զանազան տիպերը, վերջապես՝ բադը, սագը, արագիլը, կարապը, կաքավը: Այս կենդանիներից շատերը այժմ էլ ազատ ապրում են Գեղամա լեռներում:

Ընտանի կենդանիների վայրի նախնիների ու վայրի հացաբույսերի առատությունը հնարավորություն տվեց հավաքչությունից ու որսորդությունից երկրագործությանն ու անասնապահությանն անցնել պատմական զարգացման շատ վաղ աստիճանում, ինչպես այդ դիտվում է առաջավոր ասիական տաք գոտու մի քանի երկրներում:

Նյությական արտադրության հարուստ բազա ունենալով, Հայկական Լեռնաշխարհը դարձավ Ասիայի պատմական արենայի ձևավորման կաևորագույն հանգույցներից մեկը: Այստեղ ամենուրեք գտնում ենք զարգացած հավաքչության ու որսորդության հետքեր՝ վաղ բնակավայրերում պահպանված հացաբույսերի ու վայրի կենդանիների մնացորդների ու ժայռապատկերնորում փորագրված որսի տեսարանների ձևով:

Որսի տեսարանները կենտրոնական տեղ են գրավում Գեղամա լեռների ժայռապատկերների մեջ: Մեծ թիվ են կազմում այն պատկերները, որտեղ հանդես են գալիս միայնակ կամ զույգ որսորդները՝ շների ուղեկցությամբ:

Այս տիպի պատկերները հաճախ վեր են ածվում բարդ կոմպոզիցիաների, ընդգրկում 20-30 մարդկային ու կենդանական ֆիգուրներ: Մի քանի տեսարաններ պատկերում են կենդանիներին հետապնդող աղեղնավորների ու խառնիխուռն հարձակվող որսկան շների խմբերի (նկ. 167, 169, 171, 173, 177, 178, 180, 182-184):

Բազմաթիվ ուրիշ ժայռապատկերներում հանդես են գալիս կենդանիների շրջափակման կամ որսորդական այլ գործողությունների կապակցված տեսարաններ՝ կենդանիների բազմաթիվ պատկերներով: Նման կոմպոզիցիաներից մեկը պատկերում է եղջերուների ու այծերի սլացիկ մի խումբ շուրջանակի հետապնդող որսորդների ու դիմացից հարձակվող շների օղակի մեջ: Բոլոր կենդանի արարածներն այստեղ ներկայացված են արտահայտիչ դինամիկայի, բուռն գործողության, բնորոշ շարժումների մեջ (նկ. 178):

Գեղամա լեռների ժայռապատկերներից շատերը կարող են գեղագիտական հաճույք պատճառել: Այդպիսին է օրինակ, N 180-ի տակ ներկայացած փառավոր կոմպոզիցիան, որի մեջ սեփական, փարթամ ու խճողված եղջյուրների տակ ընթացող եղջերուների հոտը, թավ անտառի տպավորություն են թողնում, իսկ կենտրոնում կանգնած աղեղնավորն ու հոտապահ գամփռը հազիվ են նշմարվում ճյուղածածկ հորիզոնի ետևում:

Բազմաքանակ տեսարաններն ակնհայտորեն ցուց են տալիս որսորդության զգալի դերը նախնադարյան տնտեսության զարգացման ընփացքում, որ հաստատվում է նաև Արարատյան դաշտի մ. թ. ա. V - I հազարամյակների բնակավայրերի պեղումներով ի հայտ բերված վայրի կենդանիների ոսկորների առկայությամբ: Հնարավոր է, որ Արարատյան դաշտի նախնադարյան բնիկները հազարամյակների ընթացքում, գարնան հետ միասին, քշել են իրենց հոտերը դեպի Գեղամա լեռնալանջերն ու գագաթները, հետևելով ձյան տակից դուրս պրծնող թարմ բուսական կերին ու գարնան զարթոնք ապրող վայրի կենդանիների որսին: Մանավանդ, որ Արարատյան դաշտի որսորդները, վղ անասնապահներն ու երկրագործները բնակավայրերով ու ցանքատարածությունների ոռոգելի պատառիկներով մեկընդմիշտ, սերնդե-սերունդ կպել էին բարեբեր հողին:

Հազարամյակների ընթացքում հիմնականում չէին փոխվում ո՛չ Արարատյան բնակավայրերի ու ցանքատարածությունների, ո՛չ էլ Գեղամա ալպյան արոտավայրերի տեղերը, նախնադարյան բնիկներին ընձեռելով հարուստ ավանդների պահպանման և ստեղծագործ զարգացման հնարավորություններ:

Հարկավոր է հոգու աչքով տեսնել այս բոլոր նկարները, պատկերացնելու համար մարդու վտանգավոր ու դժվարին պայքարը կենդանիների սանձահարման, ընտելացման, բուծման, անասնապահություն ստեղծելու երկարամյա ուղիներում, երբ նա հնազանդեցնում է կատաղի ցուլերին մահակների, ցանցերի, փոկերի, շների օգնությամբ:

Գեղամա լեռների մի շարք պատկերախմբերում հանդես են գալիս կապկպված կենդանիներին հսկող երեխաներ ու շներ (նկ. 208, 209): Ժայռապատկերներից մեկի մակերեսի վրա (նկ. 234) պահպանված վերին աստիճանի դինամիկ, գծանկարային տեխնիկայով խոշոր կոմպոզիցիայում ձախից աջ շարժվող այծերը պատկերված են շների, աստղային սինվոլների, հետաքրքրաշարժ նշանների միջավայրում:

Բազմաթիվ ժայռագրություններում ներկայացված՝ անասուններին հսկող, նստած, պպզած մարդկանց ու մանչուկների, փոքրիկ ու մեծահասակ հոտաղների ու շների շատ տիպիկ պատկերներ ւս պայմանավորվոծ են կենդանիների բուծման, աճի, գլխաքանակի ավելացման, նրանց փոքրիկ ծմբերը բազմացնելու, նոր հոտեր բուծելու հոգսերով (նկ. 210, 219, 271): 283 համարի տակ բերված հսկա ժայռապատկերներից մեկը իր չորս քառ. մետր տարածությամբ լցված է բեզոարյան այծերի 24 ավարտուն և մի քանի անավարտ պատկերներով, որոնք ուղղված են ձախից աջ: Դրանց դիմաց կանգնած կապկպված ներին և մի ուրիշ այծ կարծես փակում են արածող հոտի ճամփան ու ավարտում կոմպոզիցիան: Հովիվը կանգնած է անասունների ետևում, գամփռ շան հետ միասին և ձեռքերի շարժումներով կարծես հավաքում է հոտը:

Լեռնային արոտավայրերի աստիճանական յուրացումը անսահմանափակ պայմաններ ստեղծեց ոչ միայն որսորդության զարգացման ու անասունների ընտելացման, այլև անասնապահության կիսաքոչվորական ձևի կազմավորման և սրա հետ կապված զբաղմունքների ու արհեստների, հավելյալ մթերքի կուտակման ու փոխանակության ընդլայնման համար: Պատահական չէ, որ մ. թ. ա. VI - IV հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի ողջ տերիտորիան բնակավայրերի ցանցով:

Արագածից մինչև Սյունյաց լեռները, ուղիղ գծով 180 - 200 կմ ընդհանուր տարածության վրա, կարելի է տեսնել որսորդության, կենդանիների ընտելացման, անասնապահության նախնական զարգացման հետ կապված ժայռապատկերներ, որոնք համահայաստանյան խորը խորը տնտեսական փոփոխությունների արգասիքն են և գամռ շան ծագման հավաստի պատմությունը:

Գեղամա լեռների ժայռապատկերները աչքի չեն ընկնում բազմաքանակությամբ և լայն տարածությամբ, որ ապացույց է այս վայրերի ալպիական մարգագետինների յուրացման առաջին քայլերի7: Ակնհայտ է, որ նեոլիթյան ժամանակներից սկսած, որսորդության, անսնապահության և երկրագործության զարգացմանն առընթեր, տնտեսական կարևոր նշանակություն ունեցող այս վայրերն հաստատապես իրացվում են ավելի ու ավելի լայն չափերով: Համապատասխանորեն մեծ տարածում են ստանում լեռնային սրբատեղիները:, որոնք ստեղծվում էին բաց երկնքի տակ՝ վերը նկարագրված պատկերախմբի ձևով:

Վաղ բրոնզե դարի բնորոշ հուշարձաններով հարուստ են Փոքր Պայտասարի գագաթից հարավ, հարավ-արևելք, հարավ-արևմուտք ընկած երեք պատկերախմբերը: Այստեղ տեսարաններում, իբրև կանոն, հանդես են գալիս շները (աղ. 15, նկ. 4, աղ. 33, նկ. 2):

Քնարկվելիք ժայռապատկերների սյուժեները բովանդակում են ժամանակի նյութական ու հոգևոր կյանքի գրեթե բոլոր ասպարեզները, որով դառնում են արժեքավոր նախնադարի ուսումնասիրության համար:

ժայռապատկերների առաջացումն ու զարգացումը Գեղամա լեռների գագաթնամերձ վայրերում անմիջականորեն կապված էր ալպյան արոտավայրեր իրացման և նրանց հարատև օգտագործման հետ: Սրանք նոր զարգացող անասնապահության հզոր բազաներ էին իրենց զովաշունչ օդով, թարմ կանաչով, հրաբխային կոներում առաջացած լճերով, գետ ու գետակներով, լեռնային ջինջ աղբյուրներով:

Սակայն սրանց իրացումը վաղ անասնապահ-երկրագործների համար դյուրին չէր: Անհշելի ժամանակներից սկսած այս արոտավայրերը պատկանում էին վայրի կենդանիներին, և դրանց տիրելու համար հարատև, անզիջում պատերազմ էր պետք: Կենդանիներին հարկավոր էր իենց «տիրույթները», իսկ մարդիկ այլևս չէին կարող ապրել առանց անսնապահության: Այդ պատճառներով լ քարեդարյան ժամանակներից սերված որսորդությունը էնեոլիթ-բրոնզեդարյան փուլերում ապրեց իր երկրորդ ծաղկումը, դարձավ ոչ միայն հանրային հոտը աճեցնելու ու պահպանելու միջոց, այլև տնտեսության հիամանական ճյուղերից մեկը: Որսորդությունը հասավ բարձր մակարդակի:

Հիշյալ հանգամանքը մատնանշող բազմաթիվ պատկերներ կան Գեղամա լեռների ժայռապատկերների խմբում. ներկայացված են մեկուսի կամ խմբային կենդանիների պատկերներ, ոտքերը կամ պոզերը կապված խաչասերվող կենդանիներ, գամփռ շների հսկողությաբ արածող հոտեր (աղ. 12) և այլն, և այլն:

Աղ. 13, նկ. 1 - Շան հսկողության տակ գտնվող մի փոքրիկ հոտ է: Պատկերները չեն անցնում II հազարամյակի կեսից:

Աղ. 13, նկ. 2 - Պատկանում է II հազարամյակին. կենդանիների խառը հոտ է՝ երկու այծ և տարբեր ոճերի երեք վայրի տուրեր, որոնցից մեկի վրա հարձակվել է շունը:

Շներով տեսարանները Գեղամա լեռներում ծայր են առնում մ. թ. ա. V - IV հազարամյակում, սակայն առավելագույն չափով բազմանում և զարգանում են մ. թ.. ա. III հազարամյակում, կապված քոչվոր անասնապահության կատարյալ ձևավորման և Գեղամա լեռների ալպյան արոտավայրերի զանգվածային իրացման հետ:

Մ. թ. ա. V - IV հազարամյակի հնագույն ժայռանկարները գտնվում են մեծ Պայտասարի գագաթի լանջին և ներկայացված են մեկուսի կամ խմբային այծապատկերներով: Այս խմբի տեսարանները բնորոծվում են ֆիգուրների սակավությամբ, կոմպոզցիայի պարզունակությամբ և կատարման տեխնիկայի կոպտությամբ: Կոմպոզիցիայում ներկայացված են (աղ. 16, նկ. 1) մայր այծը, ուլը և հովիվը ՝ շան հետ:

Սրանցով հիմնականում ավարտում են վաղ շրջանի անասնապահական տեսարանները և ծայր առնում մ. թ. ա. III հազարամյակի մեծ ու հոյակապ պատկերախմբերը:

Հիշատակված խմբի կոմպոզիցիաները վերաբերում են մեծ մասամբ, մ. թ. ա. III կամ II հազ. առաջին կեսին: Դրանք սակավ են, հանդիպում են մ. թ. ա. II հազ. երկրորդ կեսին կամ I հազ. սկզբներին վերաբերող ժայռապատկերներում:

Մ. Թ. Ա. III ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Աղ. 18, նկ. 2 - Երկու շարքի մեջ դասավորված են երկարոտն, կիսակամար եղջյուրներով երկու այծ, որոնց վերջույթները կապված են պարանով: Ձախում հովվի թերի պատկերն է, իսկ աջում՝ հարձակվող շունը:

Աղ. 19, նկ. 1 - (մ. թ. ա. III հազ. վերջ. և II -ի սկիզբ): Հովիվը գտնվում է կենտրոնում, բռնել է ամենամեծ այծի պոչից: Նեքևի ձախ անկյունից նրան օգնում է շունը:

Աղ. 20, նկ. 2 - Պատկերների մի զգալի մասը լրիվ չի փորագրված, դժվար է որոշել հուշարձանի թվագրումը, թերևս մ. թ. ա. III հազ.: Պատկերված է այծերի հոտ և երկու մարդ: Սրանցից մեկը կանգնած է ձախում, վեր մեկնած թևերով՝ շան հետ:

Աղ. 21, նկ. 2 - Մ.թ.ա. III հազ. տիպիկ այծերի հոտ է, արու, էգ այծերով ու ուլերով: Հովիվը կտրել է կենդանիների ճամփան աջից, ձախից նրանց հետապնդում է հեպարդն ու երկու շներ:

Աղ. 25 -Մարդիկ գտնվում են հոտի կենտրոնում՝ վերևում և ներքևում: Վերին մարդը պարան է նետել աջակողմյան այծի պոզերին: Ներքևի մարդուն ուղեկցում է շունը:

Աղ. 33, նկ. 2 - Լակոնիկ տեսարան է և հորինվածքային առումով շատ հստակ: Խոշոր, սլացիկ մարմնով այծը ծուղակն է ընկել. շունը սպառնում է կծոտել նրա մռութը:

Աղ. 34, նկ. 2 - IIհազ. պատկեր է. աղեղով զինված որսորդը շան հետ միասին հետապնդում է երկու այծի: Նրա լարված աղեղը ուղղված է ուլի վրա: Շունը պատկերված է ներքևում:

Աղ. 35, նկ. 2- Ունի բազմանդամ և տարբեր ժամանակների ներմուծումներ: Նկարի վրա եղել են սկզբնապես իրարից անջատ երկու այծեր, որոնք ոճական գծերով ու կատարման տեխնիկայով կարող են վերագրվել մ.թ.ա. III հազ. վերջերին կամ II-ի սկզբներին: Մ.թ.ա. II հազ. վերջերին կամ I - սկզբներին մի հմուտ նկարիչ այս երկու անջատ պատկերների շուրջ ստեղծել է հետաքրքրաշարժ երկու տեսարան: Ներքևում պատկերված այծին ավելացված են երկու մարդ՝ իրենց զույգ շներով:

Աղ. 36 - Գեղմա լեռներում համեմատաբար փոքր թիվ են կազմում ցլորսի տեսարանները: Բիզոններ որսը եզակի օրինակով է ներկայացված, կենդանիներ, որոնք Հայաստանի հնէակենդանաբանական տվյալներով սկսում են անհետանալ արդեն մ.թ.ա. III հազ.: Եթե ճիշտ են այս տվյալները, ապա սույն ը պատկանում են նշված ժամանակաշրջանին: Նկարագրվող կոմպոզիցիայում երկու որսորդ շան հետ հետապնդում են երկու բիզոնի:: Նախնադարյան նկարիչը այս կենդանիների ուժն արտահայտել է նրանց գլխի ու կրծքի հզորությամբ, ներկայացնելով դրանք լայն ու հաստ փորվածքով, մինչդեռ կենդանիների աստիճանաբար բարակող իրանն ու պոչն ավելի շատ շեշտում են նրանց ճկունությունը: Ձախակողմյան բիզոնին նետահարող որսորդը փորագրված է կիսով չափ՝ գլխավերևում բռնած աղեղով: Աջակողման որսորդը պարանել է բիզոնի մռութը և սպառնում ջախջախել նրա գանգը տապարատիպ զենքով, որը Հայստանում հանդես է գալիս մ.թ.ա. III հազարամյակում:

Աղ. 38, նկ. 1 - Ամենագեղեցիկ ու ամենահին (մ.թ.ա. III հազ.) տեսարաններից մեկն է: Կոմպոզիցիայի ձախ մասում իրար ետևից ներկայացված են երկու ցուլ, մի ազնիվ եղջերու և մի խոշոր արու այծ, որը գտնվում է անբնական ուղղաձիգ դիրում՝ պոչի վրա: Ստորի շարքում պատկերված է վազող շուն, որը շտապում է օգնել ամրդկանց:

Մ.Թ.Ա. II ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Աղ. 38, նկ. 2 - Բազմապատկեր տեսարան է: ներկայացված են 22 այծ, յոթ մարդ, երկու շուն: Վերևից ներքև շարքով կանգնած զինված ու անզեն որսորդները բաժանել են հոտի աջ մասը, նետահարում կամ ձեռքով բռնում են այծերին: Երեք շներ փակում են կենդանիների փախուստի ճամփան: Մարդկանցից յոթերորդը կանգնած է վերևում (ձախից), հմայագործի կեցվածքով:

Աղ. 39, նկ. 1 - Ներկայացնում է կովկասյան ազնիվ եղջերուների ու այծերի որսի տեսարան: Նորությունն այն է, որ մ.թ.ա. II հազ. տեղաբնիկներն արագավազ եղջերուների որսալու համար օգտագործում են ոչ թե շներին, այլ նույնքան կամ ավելի արագավազ հեպարդներին: Սրանք որսորդության նպատակներով ընտելացվել են Հայստանում մ.թ.ա. III հազ. սկսած7 և օգտագործվել այնուհետև ուրարտական, վաղ հայկական և ուշ միջնադարյան ժամանակաշրջաններում8: Երեք որսորդներից երկուսը հետապնդում են կենդանիներին հեպարդներով. երրորդը՝ տարածած թևերով փակել է եղջերուի դեմը: Պատկերը լիովին կարելի է վերագրել մ.թ.ա. XIII-XI դդ.:

Աղ. 45, նկ. 2 - Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հորինվածքի և իրադրության առումներով: Այծորսի ելած յոթ որսորդներ հանդիպել են նեքևից կենդանիներ հետապնդող մի առծուծի: Խումբը բաժանվել է երկու մասի, որսկաններից երկուսը նետահարում են առյուծին, իսկ մնացած հինգը իրենց շան հետ, շրջափակել են երեք այծերի:

Աղ. 46, նկ. 1 - Պատկանում է մ.թ.ա. II հազ. վերջին կամ I հազ. սկզբներին: Բաղկացած է այծերի, մարդկանց, ցուլի և շան պատկերներից: Դիմացից ցլի վրա է հարձակվել շունը:

ԵՐԿԱԹԵԴԱՐՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ (Մ.Թ.Ա. X - VII ԴԴ.)

Աղ. 47, նկ. 1 - Այս պատկերն ուշագրավ է մի քանի հանգամանքներով: Տեսարանի ձախ մասում և կենտրոնում առկա են 4 խոյանշաններ, որոնք հավանաբար փոխարինում են ամբողջ խոյապատկերներին: Կենտրունում գտնվող արու և էգ այծերի խումբը երկու ծայրերից առնված է «աքցանի» մեջ: Ձախից նրանց հետապնդոում է որսի հսկա շունը:

Աղ. 51 - Երեք եղջերուներից, երկու այծից, երկու շնից և երեք մարդուց բաղկացած կոմպոզիցիա է: Գործողությունն հիմնականում ծավալվում է «կտավի» կենտրոնական մասի երկու հորիզոններում: Կոմպոզիցիայի երջերուներն իրանի, ոտքերի և եղջյուրների կազմությամբ լիովին համապատասխանում են բրոնզե արձանիկներին11, որոնք թվագրվում են մ.թ.ա. XIV - XIII դարերով: Որսորդները միակերպ զգեստավորում ունեն և դրանով հանդերձ միանգամայն համապատասխանում են գոտիների վրա պատկերված որսորդներին12, գոտիներ, որոնք տարածվել են ողջ Անդրկովկասում մ.թ.ա. II հազ. վերջին և I հազ. սկզբներին:

11 Ը. Ը. ԾՈՐՑՌՐՏրÿվ, ԸՐՎպվՌÿ Չ ֆտՏւց ոՐՏվջօ, ՑՈոս. VIII, 3; XIV; 8.

12 ը.ը. կՌՏՑՐՏՉՓՍՌռ, ԸՐւպՏսՏչՌÿ իՈՍՈՉՍՈջՖÿ, խ-Պ, 1949, ՑՈոս. IX., Հ. Ռ. Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքը ուշբրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973, նկ. 25, 26, 69:

Ժայռանկարի որսորդները զինված են փոքր աղեղնորով և հանդիպում են ինչպես մ.թ.ա. XI դ. խեցեղենի զարդամոտիվներում, այնպես էլ նույն շրջանի գոտիների վրա: Պատկերի մեջ դիպուկ է արտահայտված նաև երկրորդ որսրոդի նետասլաքը, որն իր ձևով նման է X դարի դամբարաններում հայտնաբերվածներին և XI-X դդ. խեցեղորի զարդամոտիվներում պատկերվածներին: Հուշարձանի թվագրումն, այդպիսով, կասկած չի թողնում, որ այն վերաբերում է մ.թ.ա. II հազ. վերջին քառորդին:

Աղ. 52, նկ. 1 - Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է գեղեցիկ, ազնիվ եղջերու՝ ետին ոտքերին նստած: Նրան շրջապատել են մարդիկ ու շունը:

Աղ. 52, նկ. 2 - Հսկա, փարթամ եղջյուներով ազնիվ եղջերուն հետապնդվում է չորս որսորդների և շան կողմից: Որսորդներից մեկը նետահարում է կենդանուն, մեկը՝ ձգտում է բռնել ետին ոտքից, սրան հետևում է շունը: Կոմպոզիցիան բաժանված է երկու մասի, ներքևում՝ երեք որսորդ շուրջկալել են մի խոշոր այծի, որի որի պատկերը խիստ ոճավորված է: Կենդանու ոտքերը պատկերված են եկճեղքված երկու եռանկյունիներով: Պատկերը լի է ներքին դինամիզմով: Նրանցից երկուսը նետահարում են կենդանուն, երրորդը կանխում ՝ կենդանու փախուստը: Կոմպոզիցիայի երկրորդ մասը նույնպես դինամիկ է ու հնարամիտ: Այստեղ երեք որսորդ և երկու շուն շուրջկալել են եղջերուի: Շներից մեկը կեռպոչ գամփռ է, մյուսը՝ նման է ձագի:

Աղ. 58, նկ. 1 - Մարդը երեք շան հետ եղջերու է բռնում. նա պարանել է աջակողմյան եղջերուի պոզը, իսկ շները հարձակվում են նրա դիմաց կանգնած մյուս եղջերուի վրա: Կտավի կենտրոնում պատկերված է խոշոր այծ, որի ոտքերին փորագրված է կեռպոչ շներից մեկը:

Աղ. 58, նկ. 3 - II հազ. վերջին ցլորսի մի փոքրիկ տեսարան է: Պատկերված է հզոր, սլացիկ, ճողոպրող մի ցուլ՝ ցլիկի հետ միասին, վերին շարքում՝ լիովին զգեստավորված, ձևավոր աղեղով նետահարող մի որսորդ, որի երկու կողմերում փորագրված են սպանվող կենդանու և վազող շան կիսատ պատկերներ: Ըստ այդմ, շունը որոշակիորեն հետապնդում է ցլին:

Ժայռապատկերների կենդանիների մեջ գերակշռողը այծերն են և դա պատահական չէ: Հնագիտության տվյալների համաձայն, մ.թ.ա. III հազ. սկզբներից հանրային հոտի զգալի մասը կազմել են ոչխարները: Հայաստանի ժայռանկարներում այս կարևոր պռոցեսը լիովին չի արտահայտվել: Այդ երևույթն ունի իր պատճառները: Առաջինն այն է, որ արվեստի քննարկվող հուշարձանները պատկերում են գերազանցապես որսի տեսարաններ՝ կապված ալպյան բարձրադիր գոտիների հետ, որտեղ բնակվում էին վայրի այծերը և ոչ թե ոչխարները: Երկրորդն այն է, որմ.թ.ա. V հազ. սկսած նախնադարյան նկարիչներն ամենուրեք իբրև որսի և ընտանի կենդանու, իբրև մանր եղջերավոր անասունների սինվոլների պատկերում էին բեզոարյան գեղեցիկ, սլացիկ այծերի, և ավանդության զորությամբ սրանք շարունակվում էին պատկերվել նույնիսկ այն ժամանակ, երբ հանրային հոտի մեջ զգալի փոփոխություններ էին կատարվել::

Մ.թ.ա. III - I հազ. ժայռանկարները մատնանշում են, որ որսորդության երկրորդ ծաղկումը և անասնապահության բարձր զարգացումը հնարավոր էր միայն երկրագործության բարձր զարգացման պայմաններում կենդանիների ձմեռային կերը ապահովելու միջոցով: Սակայն անասնապահության ինտենսիվ աճը գերակշռում էր, ըստ երևույթին, երկրագործության մակարդակը, և անասունների անսահմանորեն աճող հոտերը ամառային ու ձմեռային թարմ կերի նորանոր բազաների խիստ կարիք ուներին: Հետևելով անասունների հոտերին, մեր հեռավոր նախնիները յուրացնում էին նորանոր տարածություններ, որոնք միանգամայն պիտանի են և՛ անասնապահության, և՛ երկրագործության համար: Պատկերի մեծ մասը հիացնում են իրենց իրական ձևերով, կենդանու արտաքին կառուցվածքի մանրամասների ճիշտ վերարտադրությամբ: Նշենք միայն բացառիկ և հարուստ մի նկար, ուր, ամենայն հավանականությամբ, գովերգվում է քաջ որսորդը, որ միայնակ, շների ուղեկցությամբ, դուրս է եկել որսի՝ հիմնականում այծերի ու եղջերուների բազմության մեջ: (պրակ I, աղ. 180):

Հայկական ժայռապատկերների վրայից մենք առանձնացրել ենք հոտապահ «գամփռ» շների հետևյալ պատկերները:

Տալ ժայռապատկերների նկարը

Այսպիսով, ժայռապատկերների վկայությամբ հայկական հոտապահ «գամփռ» շունը իբրև հոտապահ շան առանձին ցեղ ձևավորվել է մոտավորապես մ.թ.ա. առաջին հազարամյակում, այսինքն մեզանից մոտավորապես երեք հազար տարի առաջ: Այդ բանը հաստատում են նաև հնագիտական պեղումները: